Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս Թուրքիայում որպես բնապահպանական ներկայացող մի քանի տասնյակ կազմակերպություններ ակցիա են իրականացրել Իգդիր քաղաքում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործումը՝ բնապահպանական և առողջապահական ռիսկերի պատճառաբանությամբ։ 

Ակցիա իրականացնողները մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ են արել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետների, պայմանների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որոնց էլ անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Մանիպուլյացիա՝ շահագործման ժամկետի վերաբերյալ

Թուրքական կազմակերպությունները պնդել են, թե իբր հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրացել է դեռևս 20 տարի առաջ։ 

Այսպես, Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ՝ ՋՋԷՌ-440 խորհրդային տիպի ռեակտորը, որն այսօրվա դրությամբ միակ գործողն է, շահագործման է հանձնվել 1980 թվականին, իսկ այս տիպի ռեակտորների նախագծային շահագործման ժամկետը սահմանվում է 30 տարի։ 

Սա նշանակում է, որ եթե նույնիսկ նախագծային շահագործման ժամկետը լրացել է, ապա այս դեպքում ժամկետը կավարտվեր 2010 թվականին, ինչը «20 տարի առաջ» չէ, ինչպես պնդում են թուրքական կազմակերպությունները։ 

Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ է պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, քանի որ կազմակերպություններն անտեսում են ռեակտորի միջազգային լիցենզավորումը և երկարաձգման ու արդիականացման ծրագրերը։

Այսպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայն, ռեակտորի նախագծային շահագործման ժամկետը չի կարող սահմանափակել դրա հետագա շահագործումը, եթե կատարվում են համապատասխան տեխնիկական վերազինումներ և անվտանգության բարելավման միջոցառումներ․ ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ ռեակտորները կարող են գործել 50 և ավելի տարի, եթե դրանք ժամանակին   արդիականացվում են։

Շեշտենք, որ Մեծամորի ԱԷԿ-ում 2000-ականներից սկսած կատարվել են արդիականացման և անվտանգության բարելավման բազմաթիվ միջոցառումներ․ դրանց նախկինում ևս FIP.am-ը անդրադարձել է ծավալուն հոդվածով

Այս միջոցառումների շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է երկարացնել շահագործման ժամկետը՝ սկզբում մինչև 2016 թվականը, ապա՝ մինչև 2021 թ․-ը, իսկ հետո էլ՝ մինչև 2026 թվականը։ 

Այժմ էլ ընթանում են աշխատանքներ՝ ռեակտորի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ։ 

Այսպիսով, միայն ատոմակայանի նախագծային ժամկետի վրա հիմնված պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, մանիպուլյատիվ է, քանի որ անտեսվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից երկարաձգման պաշտոնական թույլտվությունը՝ հիմնված կայանի արդիականացման ու անվտանգության բազմաթիվ միջոցառումների վրա։ 

Սեյսմիկ ռիսկի հին ու կեղծ թեզը

Թուրքական կազմակերպությունները, խոսելով հայկական ատոմակայանի սեյսմիկ ռիսկերի մասին, պնդում են՝ «հասարակության մեջ լայնորեն հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կանգնել է աղետի եզրին»։ 

Այսպես, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում` Սպիտակ քաղաքի շրջանում (ԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ընթացքում ԱԷԿ-ի էներգաբլոկները շարունակում էին աշխատել անվանական հզորությամբ, քանի որ ռեակտորների սեյսմիկ պաշտպանության ազդանշանով ավտոմատ կանգը նախատեսված է 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում: 

Երկրաշարժից հետո՝ 1989 թվականի փետրվարին և մարտին, կանգնեցվեցին №1 և №2  էներգաբլոկները՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ, ինչին հաջորդեց համապատասխան հանձնաժողովի զննությունը։ Ըստ այդմ, ատոմակայանի շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում և համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերվեցին, և հանձնաժողովը եզրակացրեց՝ ԱԷԿ-ը դիմակայել է երկրաշարժին:

Այսպիսով, պնդումը, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ ատոմակայանը «հասել է աղետի եզրին», պատմական փաստերի խեղաթյուրում է և չափազանցություն։ 

Ինչ վերաբերում է ատոմակայանի՝ ներկայումս առկա սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ պնդումներին, ապա ՄԱԳԱՏԷ-ն քանիցս փաստել է (1,2), որ Մեծամորի ԱԷԿ-ը բավականաչափ արդիականացված է՝ սեյսմիկ ռիսկերին համապատասխան արձագանքելու համար։ 

Այսպիսով, չնայած Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում, այն կարող է դիմակայել համապատասխան ռիսկերին՝ իր արդիականացված համակարգերի շնորհիվ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

236