
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը որևիցե տեղ եկեղեցու հետ, հավատքի հետ որևիցե խնդիր չունի: Եվ խոսակցությունը վերաբերում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են: Այս մասին խորհրդարանում իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մի քանի արձանագրում անելով:
«Հավասարություն դնել Եկեղեցու և Կտրիճ Ներսիսյանի կամ քեռակնոջ միջև՝ անարդար բաներ են: Եկեղեցում կան շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակում են: Շատերը պաշտոնի, կարգավիճակի բերումով գնում են և ներկայացնում են դա որպես Եկեղեցու դեմ պայքար: Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, և դրանում կասկած չկա, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան, ես ևս վստահ եմ, որ իրենք հեռանալու են»,- համոզմունք հայտնեց Սիմոնյանը:
Անդրադառնալով Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի երեկվա ելույթին, որում նա անդրադարձել էր ազգային ինքնությանն ու ազգային արժեքների շուրջ միավորմանը, ասաց՝ հարկավոր է հասկանալ ընդդիմադիրների պատկերացումն ազգայինի վերաբերյալ:
«Մեր պատկերացման մասին մենք շատ ենք խոսել՝ դա ազատ-անկախ ՀՀ-ն է՝ Իրական Հայաստանի Հանրապետությունը, որով մենք անկախացել ենք, և որում ապրում ենք: Պարոն Մինասյանի պատկերացումը 004 շրջաբերականի ազգային տարբերակն է, կաշառակերությունը, կոռուպցիայի և ֆեոդալական համակարգի երկիրն է, որտեղ կա ֆեոդալ: Իսկ իդեալի մեջ այդ ամբողջը համապարփակ կերպով պարփակված է մի մեծ՝ ավելի հետաքրքիր պետական միավորի՝ դաշնության մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Եկեղեցու խոսակցության մեջ հետաքրքիրն այն է, որ դրա կողքը կանգնած ու հայտարարած մարդիկ հիմնականում կաթոլիկ են ու այլ եկեղեցու ներկայացուցիչներ են, բայց այդ նույն անձնավորությունները, որոնք խոսում էին խմբակների մասին, որոնք հոխորտում էին ՀՀ-ի հասցեին, պատկերացրեք՝ այն երկրում, որտեղ նրանք փող են աշխատում ու բնակվում, օրինակ՝ ՌԴ-ում, կես բերան ասեին՝ այն խմբակը, որն այսօր ղեկավարում է ... Ռ տառը ասեին, ինչ կլիներ իրենց հետ:
«Ինչ կլիներ իրենց հետ, քանի վայրկյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել, չէ՞: Հայաստանում ժողովրդավարություն է, ինչ ուզում՝ ասում ես»,- ավելացրեց Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում նա խոսում էր բանակի մասին, Սիմոնյանը նկարագրեց, թե իր՝ զինծառայությունն անցնելու տարիներին ինչ էր կատարվում բանակում, երբ սոված զինծառայողները ստիպված էին գիշերը գնալ «ուտելիք հայթայթելու»:
«Իսկ խմելու ջրի ու լողանալու մասին ընդհանրապես չեմ խոսում: Ո՞ւր են այդ դոլարային միլիոնատերերը, թող գան ինձ պատասխան տան: Ուր է այդ «Հայր մեր»-ը չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է»,- հավելեց նա՝ մեղադրանքներ հնչեցնելով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի հասցեին:
Ելույթի վերջում Սիմոնյանն ասաց՝ որպես ԱԺ նախագահ, որը պետք է ապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը, Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին հորդորում է վերադառնալ դահլիճ:
«Իրենց այստեղ բան չի լինի, թող վերադառնան, ամոթ է, նիստերն ավարտվում են»,- ընդգծեց Սիմոնյանը: