
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը կարծում է, որ միջազգային իրավական կարգավորումներն այսօր բավարար չեն փախստականության խնդիրները լուծելու համար։ Վիլեն Գաբրիելյանը նման կարծիք է հայտնել Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
-Պարո՛ն Գաբրիելյան, հունիսի 20-ը ՄԱԿ-ի կողմից Փախստականների համաշխարհային օր է հայտարարվել 2000 թվականից։ Այսինքն՝ արդեն 25 տարի է՝ տարվա այս օրը հատուկ հասցեագրվում է՝ որպես փախստականության երևույթի, դրա պատճառների և հետևանքների, ընթացիկ խնդիրների և անհրաժեշտ լուծումների այժմեականությունը։ Որո՞նք են միջազգային իրավունքում փախստականների իրավունքների պաշտպանության ելակետային փաստաթղթերը։
-Փախստականության խնդրի իրավական փաթեթավորումը և հասցեագրում միջազգային իրավունքում տեղի է ունեցել շատ ավելի վաղ։ Փախստականների, բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը և դրա հետ փոխկապակցված մի շարք իրավունքներ սահմանված են միջազգային սովորութային իրավունքում, միջազգային մարդասիրական իրավունքում և մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքում։ 1949թ․ Ժնևի չորրորդ կոնվենցիայի 49-րդ հոդվածով արգելված է որևէ անհատի բռնի տարհանումը կամ անձանց մասսայական բռնի տեղահանումը՝ այն համարելով պատերազմական հանցագործություն, իսկ որոշ պայմանների առկայությամբ կարող է համարվել նաև մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն։ Սովորութային իրավունքի կանոններում 132-րդ կանոնը սահմանում է տեղահանված անձանց վերադարձի իրավունքը, ըստ որի տեղահանված անձինք իրավունք ունեն կամավոր կերպով և անվտանգության պայմաններում վերադառնալ իրենց բնակելի տներ կամ բնակավայրեր «նրանց տեղահանման պատճառ հանդիսացած հանգամանքների վերացումից հետո որքան հնարավոր է շուտ»։ Իսկ 133-րդ կանոնը սահմանում է, որ տեղահանված անձանց գույքային իրավունքները պետք է հարգվեն։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իրավունք վերադառնալ իր երկիր»: Միջազգային իրավունքում առաջնային իրավական փաստաթուղթ համարվող Դաշնագրի 12-րդ հոդվածը սահմանում է ազատ տեղաշարժվելու իրավունքը իր բոլոր բաղադրիչներով՝ պետության տարածքում տեղաշարժվելու իրավունքը և սեփական երկիրը «մուտք գործելու» իրավունքը: Ինչպես տեսնում ենք փախստականների իրավունքները և դրանց վերականգնումը արձանագրված է միջազգային իրավունքի մի շարք ելակետային փաստաթղթերում։
-Արդյոք բավարա՞ր են միջազգային իրավունքի կարգավորումներն այսօր փախստականության խնդիրը լուծելու համար։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր առկա իրավական ձևակերպումները թերանում են՝ գործնականում այդ խնդիրը լուծելիս։ 2023 թվականի դրությամբ աշխարհում կան մոտ 110 միլիոն բռնի տեղահանված անձ, որոնցից 62.5 միլիոնը ներքին տեղահանվածներ են, 36.4 միլիոնը` փախստականներ։ Սա վկայությունն է այն բանի, որ միջազգային իրավունքում մինչ օրս առկա կարգավորումները չեն կարողանում հիմնավորապես լուծել ոչ միայն փախստականների առկա խնդիրները, այլև միջազգային իրավունքը չի կարողանում վերացնել փախստականածին գործոնները։ Որպես հիմնական պատճառ՝ կարող ենք մատնանշել պատժի ու պատասխանատվության հստակ մեխանիզմների բացակայությունը։
-Դառնալով հայ փախստականության խնդրին՝ որո՞նք են հայ փախստականության առաջնային խնդիրներն այսօր, և առհասարակ՝ ի՞նչ խորհուրդ ունի օրը Ձեզ համար։
-Հայ փախստականությունը չպետք է դիտարկել համաշխարհային փախստականության երևույթից անջատ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հայ փախստականության երևույթը նորագույն ժամանակներում հետևանք է գլխավորապես ռասիզմի քաղաքականության և պատերազմական հանցագործությունների։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությունը ենթարկվեց պետականորեն ծրագրավորված և ուղղորդված էթնիկ զտման։ Անհնար է այլ կերպ բնորոշել 1988․ թ Սումգայիթի, 1989 թ․ Գանձակի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի իրադարձությունները, քան ցեղասպանական ակտեր՝ հանցագործություն մարդկության դեմ։ Իսկ մարդկության դեմ հանցագործությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ստանում արժանի պատիժ։ Իսկ ադրբեջանական վարչակարգերը ոչ միայն չեն արժանացել համապատասխան պատասխանատվության, այլև շարունակել են նույնանման վարքագիծը, որի պարզ արտահայտությունն է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։ Փախստականների միջազգային օրն, այնուհանդերձ, ինձ համար ունի մեծ կարևորություն։ Այն հերթական առիթն է միջազգային հանրությանը հիշեցնելու ընդունված փաստաթղթերի գործնական կիրառման կարևորության մասին։
-Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս եք պատկերացնում հայ փախստականության խնդրի լուծումը նման պայմաններում։
-Ես բազմիցս նշել եմ, որ հայ փախստականության խնդրի լուծումը կամավորության, արժանապատվության և անվտանգության պայմաններում բռնի տեղահանված հայության վերադարձն է բնակության նախկին վայրեր, ինչն իրենից ենթադրում է մի շարք զուգահեռ և անհրաժեշտ գործընթացներ՝ ֆիզիկական անվտանգության և բնականոն կենսագործունեության միջազգայնորեն երաշխավորված ապահովում, անցած տարիներին հայությանը հասցված նյութական վնասի համարժեք փոխհատուցում, հակահայկականության իսպառ բացառում, հայության հանդեպ բռնությունների ճարտարապետների և իրականացնողների պատիժ և պատասխանատվություն՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին և նորմերին համապատասխան։ «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը վերահաստատում է 1988-1992 թթ․ հայ փախստականության իրավունքների միջազգային հասցեագրման հանձնառությունը և աջակցությունը մեր իրավունքների ամբողջական և համակարգային վերականգնմանը։