
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:
Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:
Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն»,- գրել է նա։