Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

«Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարեւոր գործընկեր է Չեխիայի եւ չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաեւ ԵՄ-ի կողմից կայացված երկու կարեւորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին եւ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար:

«Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին:

Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաեւ ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

96