Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 27-ին Ֆրանսիայի նշանավոր Բարբիզոն քաղաքի մշակութային կենտրոնում կայացել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա է եղել դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Ցուցահանդեսի շրջանակներում շուրջ հինգ ամիս շարունակ ֆրանսիացի այցելուներին կներկայացվեն Հայկական իմպրեսիոնիզմի մի քանի տասնյակ բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Ցուցահանդեսում, մասնավորապես, ընդգրկված են 20-րդ դարասկզբին ստեղծագործող հայազգի արվետագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակներում՝ «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի և ՀՀ Ազգային պատկերասրահի միջև համագործակցության արդյունքում, ինչպես նաև Ֆրանսիայի մշակույթի և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ:

Բացման արարողությանը ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրում ՀՀ ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելը:

Դեսպան Խաչատրյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելին նախաձեռնության կյանքի կոչման հարցում հանձնառության և Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, մասնավորապես՝ Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելին՝ նախաձեռնությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: ՀՀ դեսպանը մեծապես արժևորել է մշակույթի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուրախությամբ արձանագրելով, որ շնորհիվ այս բացառիկ ցուցահանդեսի հայկական հարուստ արվեստը ֆրանսիացի հանդիսատեսին ներկայանում է լիովին նոր դիտանկյունից:

Միջոցառմանը ներկա են եղել Բարբիզոնի քաղաքապետը, Ֆոնտենբլո համայնքի նախագահը, մշակութային ոլորտի առաջատար ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներ։

78