
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը և որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«Հարգելի դեսպան Թըրներ,
Ձերդ գերազանցություն,
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի կառավարությանն ու ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Կանադան հաջողությամբ կառուցել են փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ձգտումների վրա հիմնված ամուր և հաջող գործընկերություն: Մեր երկրներն ունեն ջերմ և կառուցողական հարաբերություններ, որոնք շարունակում են խորանալ բազմաթիվ ոլորտներում:
Հայաստանի և Կանադայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը, մեր երկկողմ կապերի կարևոր հենասյունն են: Այս առումով, կցանկանայի ընդգծել Կանադայում Հայաստանի և Երևանում Կանադայի դեսպանությունների կարևոր դերը մեր ընդհանուր օրակարգի առաջմղման և ինստիտուցիոնալ ներգրավվածության խթանման գործում:
Որպես խորհրդարանական համագործակցության հաջողված օրինակ՝ կցանկանայի ընդգծել Կանադայի խորհրդարանական կենտրոնի կողմից իրականացվող,Աջակցություն Հայաստանի խորհրդարանինե նախագիծը, որն ուղղված է Հայաստանի Ազգային ժողովում ներառական և պատասխանատու ներքին կառավարման բարելավմանը:
Հաշվի առնելով, որ մենք այսքան մոտ ենք Հարավային Կովկասում երկար սպասված և կայուն խաղաղության հաստատմանը՝ մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Կանադայի սկզբունքային աջակցության համար՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական զարգացմանը: Նման անսասան աջակցությունը և՛ խրախուսական է, և՛ կարևոր այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Մենք պատրաստ ենք համատեղ ջանքեր գործադրել՝ ապահովելու հետագա աճ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ներդրումները, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
Վստահ ենք՝ համագործակցության ընդլայնումն ու հարստացումը լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների բարօրությանը:
Կցանկանայի ընդգծել նաև Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը: Դրա ակտիվ դերը մշակութային երկխոսության և ընդհանուր արժեքների խթանման գործում շարունակում է ամրապնդել մեր փոխըմբռնումն ու բարեկամությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը և եզրափակել խոսքը` կրկին շնորհավորելով Կանադայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և մաղթել խաղաղություն, հաջողություն և բարգավաճում:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: