Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների:

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուց¬վածքների ապաշրջափակմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:

271