
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է:
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր թատերական գործունեությամբ կերտել է տարբեր ժողովուրդների բարեկամության և համամարդկային արժեքներ փոխանցող կերպար: Արժևորելով նրա թողած ժառանգությունը՝ կարևոր է, որ մերօրյա երիտասարդները ոգեշնչվեն նրա գործերով, չվախենան երազելուց և շարունակեն համամարդկային արժեք ունեցող գործը»:
Մեծարանքի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: «Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ: Չկա ընտանիք, որտեղ նա իր հետքը թողած չլինի՝ նպաստելով աշխարհայացքի ձևավորմանը, հայ մարդու խոր կերպարի ստեղծմանն ու բացահայտմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում ապագայի ծրագրերը պետք է իրականացվեն նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի առջև պատասխանատվությամբ:
Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մեծանուն արվեստագետի հիշատակին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր արվեստով որևէ դպրոցի չի պատկանում. նրա ստեղծած արվեստը վեր է բոլոր սահմաններից»:
ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: