
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց միջնորդագիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Վարդապետյանը տեղեկացրեց՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերն իրար հետ կապված են, ապա ներկայացրեց մանրամասները: Ըստ այդմ՝ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի թիվս այլնի պատասխանատու լինելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությամբ կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության ապահովման համար, միջոցներ չի ձեռնարկել թույլ տված խախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:
«Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված ՀՀ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մակերեսով հողատարածքը: Տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ: Տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա անձանց կողմից իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել, և դրանց օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տվել: Խմբային շահերից ելելով՝ չի կատարել իր պարտականությունը, միջոցներ չի ձեռնարկել թույլ տված խախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց նա:
Վկայի՝ դատավարական կարգավիճակով հարցաքննված դատավարական ցուցմունքը, որի համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերից 2018-ի մարտը, բնապահպանության նախարար նշանակվելուց հետո տեղեկացրել է, որ վերոնշյալ հասցերում գտնվող հողատարածքը, փաստացի, առանց օրինական հիմքերի, օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից: