Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին կազմակերպել է մի շարք զորակոչիկների՝ 2024 թվականի ամառային զորակոչից ազատելու գործընթաց, որի իրականացման համար նրանց ծնողներից կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: 

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ գործընթացը կազմակերպելու նպատակով նշված անձը երեք զորակոչիկների ծնողներից ստացել է յուրաքանչյուրի դեպքում 2.000-3.000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ստուգիչ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ փաստացի արձանագրվել են առողջական այնպիսի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում հիշյալ զորակոչիկներից երկուսը ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում, իսկ մեկին տրվել է տարկետման իրավունք՝ 3 տարի ժամկետով:

Բացի այդ՝ նախաքննությամբ բացահայտվել է նույն անձի կողմից նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում շահադիտական նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք: Պարզվել է, որ հիշյալ անձը իր ազգականի որդու՝ օտարերկրյա պետությունում գտնվելու թույլտվություն ստանալու նպատակով կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր ձեռք բերելու համար նրանցից ստացել է 1.200 ԱՄՆ դոլար: 

Նախաքննության ընթացքում վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ են կայացվել ևս 11 անձի նկատմամբ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը 6 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

193