Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ 

Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական մշակութային ինքնատիպությունը և ֆրանսիական արվեստի նրբերանգները։ Նախաձեռնությունն ուղղված է՝

  • հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը.
  • նորարարական լուծումների խթանմանը.
  • ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեության աջակցությանը։

Միջոցառման ընթացքում նախատեսված են՝

  • ժամանակակից հագուստի ցուցադրություն՝ ոգեշնչված Ազնավուրի արվեստից.
  • համերգային ծրագիր՝ մշակութային հույզերով և երաժշտական արտահայտչականությամբ.
  • ազգային հագուստի ցուցադրություն՝ հայ նորաձևության ժառանգական շերտերի ու ժամանակակից մեկնաբանությունների ներկայացմամբ։

Ցուցադրությունը, միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում է ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

«Ֆրանսիական ռիթմեր» ծրագրի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը և ստեղծագործական ոլորտների զարգացմանը նպաստող նոր հարթակների ձևավորումը՝ միավորելով արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներին։

Ծրագիրը կշարունակվի նաև Վրաստանում և Չեխիայում։

109