
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իհարկե, շատ ամբիցիոզ է հնչում այս հայտարարությունը, բայց պետք է ընդգծեմ, որ հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա որևէ արտառոց բան չէ, քանի որ զարգացման տրամաբանությունը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա ցանկացած պահի արձանագրվի երկրի զարգացման առավել բարձր մակարդակը»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ կատարողականի քննարկումների ժամանակ էլ խոսել էր, որ աշխատատեղերի ու միջին աշխատավարձի աճի գնահատականներն ու արձագանքները նույնպես հաստատում են, որ ՀՀ քաղաքացիները 2018-ի համեմատ առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում։
Հանրային բարեկեցության ցուցանիշները, ըստ նրա, երևում են նաև բանկային տվյալներից․
«Ռեզիդենտ քաղաքացիների՝ այսինքն՝ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների բանկային ավանդներն ու հաշիվները 2017-ի համեմատ աճել են 141 տոկոսով, այսինքն՝ խոսքը գումարի ծավալի մասին է։ Ֆիզիկական անձանց դեպքում այդ հաշիվները աճել են 125 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց դեպքում շրջանառությունը՝ 175 տոկոսով 2017-ի համեմատ։ Այսինքն՝ փողը կոնկրետ տեղում կա և պատկանում է կոնկրետ մարդկանց։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ բյուջետային գործընթացներն էլ ընթանում են բարեհաջող։