Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդ­կային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք դարձնելու իրակա­նություն՝ ի բարօրություն մեր քաղաքացիների և պետությունների։

Ցանկանում եմ ընդգծել, որ համընդհանուր այս արժեքների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանա­կություն են ունեցել մեր միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում նշել, որ մեր երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի մասին են վկայում հաստատված բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու երկկողմ համագործակցության` անխտիր բոլոր ուղղություններով իրականացվող արդյունա­վետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության։

Գոհունակությամբ եմ ցանկանում ընդգծել, որ մեր երկու երկրների միջև փոխգործակցությունն այժմ ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու արհեստական բանականությունը։ Այս համատեքստում, ցանկանում եմ վերահաս­տատել Հայաստանի հանձնառությունը՝ իր նպաստը բերելու համաշխարհային այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Բարձր ենք գնահատում նաև բարեկամ Ֆրանսիայի շարունակական կարևոր աջակցությունը և Ձեր անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ ֆրանսիացի ժողովրդի համար խորհրդանշա­կան այս օրվա առթիվ և Ձեզ հղում խաղաղության ու բարգավաճման իմ լավագույն մաղթանքները։

 

Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

 

Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»:

207