Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Դիլիջանում մասնակցել է «Ձեռներեցություն» խորագրով համաժողովին։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Action Against Hunger («Ակցիա սովի դեմ») կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների և համայնքի սոցիալապես խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը և զբաղվածության խթանմանը» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է Իջևան և Դիլիջան համայնքներում՝ ՀՀ Կառավարության ծրագրով հիմնված Դիլիջանի «Դուկո» և Իջևանի «ԼՈՖԹ» երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ։ Խոցելի խմբերին աջակցմանը զուգահեռ՝ ծրագիրը միտված է երիտասարդական կենտրոնների կարողությունների զարգացմանը, երիտասարդների շրջանում սոցիալ-տնտեսական ինտեգրման աշխատանքների արդյունավետ և համակարգված իրականացմանը՝ օգտագործելով Action Against Hunger («Ակցիա սովի դեմ») կազմակերպության մշակած Shuttle մեթոդաբանությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ընդգծմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման և ինքնաիրացման նպաստավոր պայմանների ու միջավայրի ձևավորումն է, որն ամրագրված է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքում:

Կարևորելով Դիլիջանի «Դուկո» և Իջևանի «ԼՈՖԹ» կենտրոնների գործունեությունը՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է․ «Երիտասարդական կենտրոնները պետք է ծառայեն որպես երիտասարդների կարողությունների զարգացման, ինտելեկտուալ և ստեղծարար ժամանցի կազմակերպման միջավայր՝ միաժամանակ նպաստելով երիտասարդների ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում։ Պետության տեսանկյունից կարևոր է նաև, որ կենտրոնները մասնակցություն ունենան այլ կառույցների կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերում»։

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը շեշտել է ձեռներեցության խթանմանը, զբաղվածության ապահովմանը և գործազրկության դեմ պայքարին ուղղված «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների և համայնքի սոցիալապես խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը և զբաղվածության խթանմանը» ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ այն ուղղված է ոչ միայն երիտասարդների մասնագիտական և տնտեսական ինքնաբավությանը, այլև նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին: Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կընդլայնվի և կնպաստի այլ համայնքներում երիտասարդների՝ ձեռներեցության գործընթացներում ընդգրկմանը, ինչպես նաև երիտասարդների առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ աջակցելով նրանց ինքնակազմակերպվել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ բնակավայրի զարգացմանը։

ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է շուրջ 1,5 տարի առաջ Դիլիջանի և Իջևանի երիտասարդական կենտրոններում: Ծրագրի շրջանակում երիտասարդները ձեռք են բերել հմտություններ, որոնք կխթանեն նրանց ձեռնարկատիրական մտածողությունը, ինչպես նաև կօգնեն ավելի ինքնավստահ ու նպատակադրված մուտք գործել աշխատաշուկա: ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետը նշել է, որ ծրագրի ընթացքում երիտասարդական աշխատողները ևս մասնակցել են վերապատրաստումների և դասընթացների՝ ձեռք բերելով կարևոր հմտություններ ու գիտելիքներ։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քասախյանը, Action Against Hunger («Ակցիա սովի դեմ») կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն այցելել են նաև մարզում գործող և նոր կառուցվող երիտասարդական կենտրոններ, ծանոթացել իրականացվող բովանդակային ծրագրերին, ինչպես նաև շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքին:

 

127