
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության․ մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարան։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Իոաննիս Խատջիգեորգիուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հունաստան կատարած այցն արդյունավետ է ոլորտային համագործակցության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի կրթության, կրոնի գործերի և սպորտի նախարարության միջև 2025-2029 թթ. կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ծրագիր է ստորագրվել։
Այս համատեքստում նախարարը կարևորել է միջբուհական կապերի զարգացումը՝ շեշտելով, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ընթանում են ծավալուն բարեփոխումներ, որոնք ուղղված են նաև միջազգային կապերի ընդլայնմանը։ Նախարարը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ շեշտելով, որ հետաքրքրված են ՀՀ բուհերի հետ համագործակցության զարգացմամբ։
Կողմերն անդրադարձնել են ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ մասնավորապես շեշտելով համագործակցության զարգացումը ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում։
Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ռեկտոր Իոաննիս Խատջիգեորգիուի ուղեկցությամբ շրջել է է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին, արդի տեխնիկական սարքավորումներին, իրականացվող հետազոտական աշխատանքներին։
Աթենքի ազգային տեխնիկական համալսարան այցին մասնակցել են նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։