Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի ընթացքում սահմանվել էր բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարը նիստի ընթացքում նշել էր, որ վատ ցուցանիշներ ունեցող դպրոցների համար աջակցության ծրագիր կմշակվի մենթորի կողմից և այն իրականացնելու համար գումար կհատկացվի։

«Մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ ունենք տեղեր, որտեղից ոչ մի երեխա երբեք ԲՈւՀ չի դիմում։ Ինչպես կարող ենք համարել, որ այդպիսի դպրոցները կատարում են իրենց գործը»,- նշել էր Անդրեասյանը։

Araratnews-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր՝ որոնք են այն դպրոցները, որտեղից ոչ մի երեխա երբեք ԲՈւՀ չի դիմում և մեր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից պատասխանել են հետևյալը«Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ ներկայացնում ենք վերջին 5 տարվա վիճակագրությունը բուհերի ընդունելության քննություններին մասնակից չունեցող դպրոցների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2021 թ.-159, 2022 թ.-168, 2023 թ.-200, 2024 թ.-186, 2025 թ.-169 հանրակրթական դպրոցներից որևէ շրջանավարտ միասնական քննության հայտ չի ներկայացրել»:

Միաժամանակ կառույցից  նշել են, որ դպրոցների ցանկի հրապարակումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով դպրոցների թիրախավորման ռիսկը և սովորողների լավագույն շահը:

Գեղամ Ադյան

248