
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։ Ես իմ ասուլիսի ժամանակ դրան անդրադարձել եմ, ընդ որում, անդրադարձել եմ՝ ելնելով ՀՀ-ի օրենսդրությունից։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասուլիսում ես խոսել եմ կառուցապատման իրավունքի մասին, որը մե՛ր օրենսգրքով, մե՛ր օրենքներով նման դեպքերի համար ամենահարմար բանաձևն է իրավական նախագիծը իրականացնելու համար։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս, և իմիջիայլոց, ես կարծում եմ, որ նաև այդ հարցը փակվեց ընդհանրապես ստորագրված հռչակագրով, այնքանով, որ մենք երկկողմ արձանագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ, նկատի ունեմ՝ Հայաստանը Ադրբեջանից, Ադրբեջանը Հայաստանից չի ունենալու։
Ես էլի եմ ասում, եթե մենք գնանք կռահումների կամ ենթադրությունների հետևից, կարելի է ամեն ինչ ասել, ամեն վարկած կարելի է առաջ քաշել։ Ի՞նչ անել այս իրավիճակում, որ մենք չշփոթվենք և գլուխներս չպտտվի, չմոլորվենք, պետք է հենվեք նրա վրա, ինչ գրված է, ստորագրված է և հիմա արդեն հրապարակված է։ Իսկ այդ տեքստը ընթերցելու արդյունքում որևէ նման հարց չի կարող ծագել ընդհանրապես, և որևէ նման մտավախություն չի կարող ծագել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններին, ուզում եմ ուշադրություն հրավիրել փոխադարձության սկզբունքի վրա։ Այդ նույնիսկ փոխադարձության սկբունքով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը չի կարող խախտվել»,- ասել է վարչապետը։