Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 11-ին Երևանում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը:

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի իրագործումը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջպետական փաստաթղթերի վերջնականացման և կնքման հետ կապված հարցեր:

Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին վերահաստատել է Օմանի Սուլթանության դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցության վերաբերյալ՝ շնորհավորելով հայաստանցի պաշտոնակցին օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության հասնելու Հայաստանի Հանրապետության տեսլականը, անդրադարձել ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևորագույն այլ հարցերի:

222