Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին IRNA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և մասնավորապես ասել. «Բնականաբար, այս հարցի (Վաշինգտոնում պայմանավորվածությունների) մասշտաբները մինչև վերջ պարզ չեն։ Բայց այն, ինչ մակերեսին է, և այն, ինչ մեզ ասացին հայերը - պարոն Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, զանգահարեց մեր նախագահին, նրանց արտաքին գործերի նախարարը զանգահարեց ինձ, նրանք իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան - նրանք սպառիչ բացատրություններ տվեցին»։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, և այն, ինչ պետք է տեղի ունենար, իսկ դա կոչվում էր «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբեր բաներ են. «Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենալու, մտահոգիչ չէ, քանի որ կան մտահոգություններ, որոնք ես կբարձրացնեմ»։


Նա նշել է, որ երբ սկսվեցին «Զանգեզուր»-ի վերաբերյալ քննարկումները, հիմնական գաղափարը հայկական Սյունիքի մարզի գրավումն էր և Նախիջևանի ու Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև տարածքային կապի ստեղծումը. «Գաղափարն այս մարզի գրավումն էր։ Այդ ժամանակ մենք մեր լուրջ մտահոգությունները հայտնեցինք։ Այնուհետև խոսվեց 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու տարածաշրջանները և կգտնվեր ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Այդ ժամանակ մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք։ Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ստեղծեցինք ռազմական ներկայություն։ Սակայն Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառված են: Այժմ այդ բոլոր գաղափարները վերածվել են ճանապարհի, որը կառուցելու է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերություն և գտնվելու է Հայաստանի օրենքների և իրավասության ներքո։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Մեր կողքին ոչ մի ամերիկյան զորք չի տեղակայվելու, և Իրանի բոլոր կարմիր գծերը պահպանվում են»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա ընդամենը մասնավոր ամերիկյան ինժեներական ընկերություն է. ոչ անվտանգային, ոչ ռազմական ընկերություն։ Այնտեղ ամերիկյան ուժեր չեն լինելու, իսկ անվտանգությունն ապահովելու է ինքը Հայաստանը.  «Նրանք նույնիսկ թույլ չեն տալու ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններին մուտք գործել երկիր...»:

«ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի սահմաններն անփոփոխ են, տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվում են, և սա հենց մեր դիրքորոշումն է։ Այսինքն՝ սկզբից ևեթ մեր դիրքորոշումն այն էր, որ Կովկասում ինչ քայլեր էլ ձեռնարկվեին, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեին։ Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվեր»,- ամփոփել է Արաղչին։

241