
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 20-ին «Իմ քայլը» հիմնադրամը` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ, «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալներին ներկայացրեց «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում իրականացվող «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը: Միջոցառումը կազմակերպվել էր հիմնադրամի և «Հանուն ազատության» ՀԿ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ: Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՔԿ ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը, ինչպես նաև 3 տղամարդ դատապարտյալներ «Արմավիրի» ՔԿՀ-ից, ովքեր հանդես եկան բանախոսություններով։
Տիկին Հակոբյանը իր բացման խոսքում ներկայացրեց կրթության և կիրթ հասարակության կարևորությունը։ «Գիտելիքն է, որ մարդուն օգնում է, հնարավորություն է տալիս գործել այս կամ այն կերպ, և այդ գիտելիքի պակասն է, որ մարդուն դնում է այս կամ այն իրավիճակի մեջ։ Մեր բոլոր խնդիրների պատճառը կրթության պակասն է»։ Նրա խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական ինքնակրթության ջանքերը կհանգեցնեն ավելի կիրթ և բարձր կենսամակարդակով հանրության, պետության և երկրի ձևավորման։ Տիկին Հակոբյանը նաև հորդորեց դատապարտյալներին կազմել կյանքի հստակ պլան, ունենալ կոնկրետ նպատակներ, չվախենալ սահմանել բարձր նշաձողեր և վստահ լինել՝ դրանց հաղթահարման ճանապարհին իրենք մենակ չեն․ հիմնադրամը պատրաստ է աջակցել։
Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց պետության մշտական աջակցությունը քրեակատարողական հիմնարկներին և այս համատեքստում նաև դատապարտյալների կրթության ու նոր մասնագիտությունների ձեռքբերման կարևորությունը։ Նախարարը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Վարչապետի տիկնոջը՝ դատապարտյալների կրթական խնդիրներով մտահոգվելու և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։
Միջոցառման շրջանակներում «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը դատապարտյալներին ներկայացրեց «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ դիմելու ընթացակարգը, չափորորշիչները, ուսման վարձի կարգավորման հարցերը և այլն։ Նշվեց, որ ծրագիրը բոլորի համար է, ովքեր կհամապատասխանեն չափորոշիչներին, բայց նախապատվությունը կտրվի հասարակության առավել խոցելի խմբերին։
Այնուհետև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տղամարդ դատապարտյալները հանդես եկան բանախոսություններով՝ ներկայացնելով իրենց ՔԿՀ-ում կրթական միջոցառումներն ու կատարված աշխատանքները։
Միջոցառման ավարտին դատապարտյալները հարց-պատասխան ձևաչափով իրենց հուզող հարցերն ուղղեցին առաջին տիկնոջն ու նախարարին, ստանալով կրթությունը շարունակելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկներ։ Քննարկվեց աշխատաշուկային վերաբերող բաց դռների օրվա, մասնագիտական կողմնորոշման դասընթացների, համակարգված կրթական խորհրդատվության տրամադրման միջոցառումներ կազմակերպելու հնարավորություններն ու դրանց իրականացման համար անհրաժեշտ առաջին քայլերը։