
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարներն ուսումնասիրելու կամ գետաողողատային տիպի հանքավայրերի ավազի արդյունահանումն իրականացնելու համար ընդրեքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից տրված համաձայնությունները:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով սահմանվում է նաև ընդրեքօգտագործողի գործունեությունը կասեցնելու կարգը: Զեկուցողի խոսքով ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում և ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվություն:
Ասատուր Վարդանյանը տեղեկացրել է, որ սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները բացառապես GPS (Գլոբալ Տեղորոշման Համակարգ) համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ: Պահանջը խախտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ շուրջ 5 մլն դրամի չափով:
Օրենսդրական փաթեթով ծառայություն մատուցող անձի համար սահմանվում է պարտականություն՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցների տեղաշարժի մինչև 1 տարի վաղեմությամբ արձանագրումները պահպանելու և հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու մասին: Ծառայություն մատուցող անձը նաև կապահովի նշված մարմիններին վերոնշյալ տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն:
Փոխնախարարի տեղեկացմամբ օրենսդրական նշված փոփոխություններն այս պահին վերաբերում են միայն Արաքս գետին:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի նիստում: