
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հերթական նիստում հարց ուղղեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ շեշտելով այն փաստը, որ նա արդեն 23 տարի է համակարգում է։
«Վերջին 7 տարում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո, ինչ կարգի համակարգ ունենք, և մինչև 18 թվականը։ Դուք, նշանակում է, 15 տարուց ավել աշխատում եք։ Ես կուզենամ, որ մեր երիտասարդ գործընկերներին՝ ինչպես որ Աննա Գրիգորյանն է, բացատրեք, թե տարբերությունը որն է, ինչ ձևով են վարվել մարդկանց հետ, դատարանները ինչ ձևով են որոշումներ կայացրել, և այսօր այդ որոշումները ինչպես են կայացվում։ Ինչքան ինստիտուցիոնալ է»։
Հարցին ի պատասխան՝ Դանիելյանը նշեց, որ հռետորական կհնչի պատասխանը․ «Այն, ինչ տեսնում ենք, բոլորիս տեսանելի է, և ցանկացած բանական մարդ իր ընկալման շրջանակում կարող է դա ընկալել»։
Սուքիասյանը նաև մեկ այլ հարց ուղղեց՝ կապված դատական վեճերի ձգձգման հետ։ ՀՀ-ում շատ դատական վեճեր կան, որոնք այս կամ այն շինության ու անշարժ գույքի, բանկային համակարգի հետ են կապված, որոնք շատ մեծ վնաս են տալիս տնտեսության զարգացմանը, դա շատ մեծ գումարի անշարժ գույք է։
«Մենք պետք է 1 դոլար ավել Հայաստանի բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք, բայց շատ դեպքերում դատավորները ամիսներով, տարիներով ձգձգում են, միտում կա ձգձգելու, որովհետև այս կամ այն կողմը ինչ-որ մի ձևի ուզում է այդպես լինի, որովհետև խնդիրը չի լուծվում։
Այս խնդիրների շուրջ ձեր մոտեցումը ինչպիսին է, որովհետև սա պետություն է, այս տնտեսական, այս կամ այն անշարժ գույքը, այս կամ այն գործունեությունը, որը կանգնած է, չի աշխատում, պետությանը հարկ չի տալիս, ոչ մի ձևով չի գեներացվում։ Այս գիտակցումը, կուզեմ, որ դատավորների մոտ էլ լինի։ Ուղղակի որպես դատավոր պատկերացնեմ, թե պետության մեջ այս կամ այն խնդիրը ավելի արագ լուծող»,- նշեց Սուքիասյանը։