Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։

Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։

Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։

Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, ինչպես նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների և դրանց իրավաչափության ապահովման համար ևս կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։

Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։

Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ՝ Օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը և կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացներին իրազեկելու հնարավորություն։

Առաջիկայում նման դասընթացները նախատեսվում է անցկացնել նաև Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։

ՆԳ նախարարությունը, իրացնելով ներքին անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն, մշտապես կարևորում է վերապատրաստումների ու դասընթացների միջոցով Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացումը։

75