Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու անդամների վրա հարձակումը որակել է «ահաբեկչական ակտ»։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարությունն արել է Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու անդամների վրա կրակոցից հետո հրապարակված տեսաուղերձում։
Թրամփը Վաշինգտոնում կրակոցների միջադեպը անվանել է «նողկալի» և «ատելությամբ լի»։
Նա ասել է, որ ձերբակալված կասկածյալը ներգաղթյալ է, որը ԱՄՆ է ժամանել Աֆղանստանից 2021 թվականի սեպտեմբերին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին իր ներգաղթային քաղաքականության միջոցով երկրին «ծանր վնաս» պատճառելու մեջ։
Նախագահը հայտարարել է, որ հրամայել է Վաշինգտոնում տեղակայել Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինվոր։
Վաշինգտոնի ոստիկանությունը ավելի վաղ հայտնել էր, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:15-ին Սպիտակ տան մոտ տեղի է ունեցել կրակոց, որի հետևանքով վիրավորվել են գվարդիայի երկու անդամներ, կրակողը ձերբակալվել է։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկու վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նա նշել է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ հարձակումը կատարվել է մեկ անձի կողմից, որն արդեն ձերբակալված է։