Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2025 թվականին իրականացվել են 24 բյուջետային ծրագրեր՝ 234 միջոցառումներով, որոնց կատարմանը հատկացվել է շուրջ 374.4 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 93.5 տոկոս կատարողականը։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ 2024 թվականի համեմատ 2025 թվականին փաստացի բյուջեն աճել է 31 տոկոսով կամ շուրջ 88.75 միլիարդ դրամով։

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը 7 տարում ավելացել է 141 տոկոսով

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի համեմատ 2025 թվականին ոլորտային ծախսերն աճել են՝ 154.5 միլիարդ դրամից հասնելով 372.3 միլիարդ դրամի։ Սա նշանակում է, որ յոթ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ ոլորտների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 217.8 միլիարդ դրամով կամ 141 տոկոսով։ 2026 թվականի համար հաստատված բյուջեով արդեն նախատեսվել է 422.9 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ևս 13.6 տոկոսով։

«Հատկացումների աճը հիմնականում կրթության ոլորտում է․ եթե 2018 թվականին կրթության ֆինանսավորումը կազմել էր շուրջ 128.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 311.4 միլիարդ դրամի։ Այսինքն՝ ավելացումը կազմել է 183.1 միլիարդ դրամ կամ շուրջ 143 տոկոս։ Պետք է նշել, որ 2026 թվականի համար նախատեսված է ևս 42 միլիարդ դրամի աճ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծել է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ընդհանուր աճի շուրջ 84 տոկոսը ձևավորվել է հենց կրթության ոլորտում, ինչը վկայում է կրթության մեջ ներդրումներ կատարելու պետության հանձնառության մասին։

«Կարծում եմ՝ հենց այս ցուցանիշների շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել ոլորտում իրականացվող էական և հիմնարար բարեփոխումների, ինչպես նաև դրանց արդյունքների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերջին տարիների հատկացումները կազմում են շուրջ 1 միլիարդ դոլար։

Նպատակն է՝ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների դրույքաչափը դարձնել 300 հազար դրամ

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգում ամենախոշոր ծավալային աճն արձանագրվել է հանրակրթության ոլորտում։ Եթե 2018 թվականին հանրակրթության ֆինանսավորումը կազմել է 103.1 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 269.5 միլիարդ դրամի։ Սա ավելի քան 166 միլիարդ դրամի հավելյալ ֆինանսավորում է կամ շուրջ 161 տոկոս աճ։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ Կառավարության առաջիկա ծրագիրը իրականացված փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է լինելու՝ սահմանելով նոր թիրախներ և ձևավորված գործընթացները դնելով նոր տրամաբանության մեջ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին: Նա հիշեցրել է՝ այս պահին յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն արդեն ատեստավորված է. գործող համակարգով կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը կազմում է 200 հազար դրամ, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկվում են այդ դրույքաչափի նկատմամբ, սակայն առաջիկայում նախատեսվում է բարձրացնել դրույքաչափը:

«Առաջիկա նպատակն է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլում մասնակցություն ունեցող ուսուցիչների դրույքաչափը դարձնել 300.000 դրամ, և հավելավճարները համապատասխանաբար հաշվարկել այս դրույքաչափի նկատմամբ՝ բարելավելով ուսուցիչների վարձատրության համակարգը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

2026 թ. նախադպրոցական կրթության ոլորտին կուղղվի 13.8 մլրդ դրամ

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առանձնապես նշանակալի է նաև նախադպրոցական կրթության ոլորտի դինամիկան։ 2018 թվականին պետական բյուջեով նախադպրոցական կրթության ոլորտին հատկացվել էր ընդամենը 0.8 միլիարդ դրամ։ 2025 թվականին նախադպրոցական կրթության ծախսերը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով կազմել են 9.5 միլիարդ դրամ։

«Մանկապարտեզները համայնքային ենթակայության են, և զգալի ֆինանսավորում է ուղղվում նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Այսպիսով, միայն նախարարության բյուջեով ծախսերն աճել են ավելի քան 12 անգամ՝ 2018 թվականի համեմատ։ 2026 թվականին նախատեսվում է արդեն 13.8 միլիարդ դրամ, ինչը 2025 թվականի համեմատ շուրջ 45 տոկոսով ավելի է»,- ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

2025 թ. կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 90.4 տոկոս

Նրա խոսքով՝ ամենաէական փոփոխությունները վերաբերում են կապիտալ ծախսերին, և հենց այդ պատճառով էապես փոխվել է ծախսերի կառուցվածքը։ Եթե 2018 թվականին ԿԳՄՍՆ ոլորտներում կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 1.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին դրանք հասել են 129.2 միլիարդ դրամի՝ 2018 թվականի համեմատ աճելով շուրջ 102 անգամ։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ էապես աճել է նաև կապիտալ ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերում։

«Եթե 2018 թվականին այն կազմում էր ընդամենը 0.8 տոկոս, ապա 2025 թվականին արդեն հասել է 34.8 տոկոսի, իսկ 2026 թվականին պլանավորվում է շուրջ 40 տոկոս։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 90.4 տոկոս։ Սա նշանակում է, որ մենք էապես բարելավել ենք կապիտալ ծախսեր իրականացնելու մեր կարողությունները։ Միայն հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման և հիմնման ուղղությամբ նախորդ տարի ունեցել ենք 101 միլիարդ դրամի կատարողական՝ 2024 թվականի 30 միլիարդ դրամի դիմաց, ինչը նշանակում է, որ ավելի քան եռապատկել ենք աշխատանքների իրականացման տեմպը», – ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գիտության ոլորտի ֆինանսավորման ընդլայնումը՝ նշելով, որ վերջին տարիներին այն աճել է շուրջ 180 տոկոսով։ Նրա խոսքով՝ աճը հատկապես տեսանելի է գիտաշխատողների վարձատրության համակարգում, որտեղ 2025 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերն աճել են 105-ից մինչև 300 տոկոսով։

Նախարարն ընդգծել է գիտության ոլորտում կատարվող կապիտալ ներդրումները՝ առանձնացնելով Երևանի պետական համալսարանի արհեստական բանականության կենտրոնի ստեղծման համար հատկացված ավելի քան 3.7 միլիարդ դրամի ներդրումը։ Նա անդրադարձել է նաև գիտական նորագույն սարքավորումների ձեռքբերման ծրագրերին, որոնք հայ գիտնականներին հնարավորություն են տալիս Հայաստանում իրականացնել ժամանակակից հետազոտություններ:

Միաժամանակ, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունվարին Կառավարության կողմից հաստատված Գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրին, որով սահմանվել են ավելի հավակնոտ նպատակներ։ Մասնավորապես՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսին, որից առնվազն 0.75 տոկոսը կապահովվի պետական հատկացումների միջոցով։ Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ սա ոլորտի որակական զարգացման կարևոր նախապայման է։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նշելով, որ նախորդ տարի կազմակերպված միջազգային համաժողովը նպաստել է ծրագրի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու նոր գործընկերների ներգրավմանը։ Նրա խոսքով՝ ներկայում ընթանում է ծրագրի ակտիվ նախապատրաստական փուլը․ հայտարարվել են անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքների մրցույթներ, ինչպես նաև շարունակվում է համագործակցությունն աշխարհի առաջատար բուհերի հետ՝ կրթական բովանդակության բարեփոխումների ուղղությամբ։

64