Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը, որին մասնակցել են Ինտերպոլի 148 անդամ երկրների 300 պատվիրակ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Հայաստանը ներկայացրել է ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:

«Համաժողովում ելույթ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, նախագահը, Ինտերպոլի ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

Քննարկվել են հանրության համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտների դեմ պայքարին, առկա մարտահրավերներին ու անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված հարցեր։

Ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում Ինտերպոլի գործիքակազմը։ Կարևորվել են անդամ երկրների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ընդլայնումը, հանցագործությունների բացահայտման գործում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմիններում կանանց դերի բարձրացումը:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների ու մի շարք անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

Ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, համագործակցության ընդլայնման և մի շարք այլ թեմաներով:

Ինտերպոլի ԱԿԲ պետերի ամենամյա համաժողովը միջազգային ոստիկանական համագործակցության ամրապնդման, գործնական հարաբերություններ կառուցելու, փորձի փոխանակման հնարավորություն է, ինչը նպաստում է հանցավոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

219