Պաշտոնական Երևանը դիվանագիտական խողովակներով միջազգային կառույցներին ներկայացնում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության։ ԱԺ–ում արտգործնախարար Արա Այվազյանի այս հայտարարության հիմքում Ադրբեջանի կողմից կոնկրետ մեկ ռազմագերու հարցով ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց չկիրառելու և կյանքի իրավունքից նրան զրկելու քայլն է։

«Ողբերգությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում, որ Ադրբեջանը կեղմ օրակարգ է առաջ տանում կապված տարածաշրջանում խաղաղության, զարգացման և հաշտության հետ և մենք դիվանագիտական խողովակներով ի ցույց ենք դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չի խաղաղության։ Որպեսզի մենք խոսենք խաղաղության մասին, պետք է ստեղծել մթնոլորտ՝ վստահության վերականգման ուղղությամբ։ Մենք առայսօր չենք տեսել նման քայլեր»։

Եթե մի կողմում Ալիևի տարբեր սպառնալիքներն են՝ հայատյաց արտահայտությունները, «ռևանշի» դեպքում «երկաթե բռունցքին» հանդիպելու զգուշացումը, մատ թափ տալը և հայտնի նամականիշը, ապա հայկական կողմից այսօր հաստատում են․ պատրաստ են վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների ձևաչափով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Գերիների վերադարձ, ապաշրջափակում, Արցախին միջազգային մարդասիրական օգնության տրամադրման ապահովում, մշակութային և կրոնական ժառանգության պահպանություն․ արտգործնախարարն է թվարկում հայկական կողմի առաջնահերթությունները։ Արա Այվազյանի խոսքով՝ հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ կա հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն։ Հենց այդ ծրագրով էլ վերջերս գնացել էր Արցախ։ Հ

այաստանի արտգործնախարարի այսօրվա կոշտ հայտարարություններից մեկն էլ կապված էր Շուշիի ապագայի հետ․

«Շուշին հայկական մշակութային կենտրոն է։ Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։ Վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»։   

Խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հորդորեց՝ բացի դիվանագիտականից, նաև խորհրդարանական դիվանագիտական ձևաչափն օգտագործել Ադրբեջանի կեղծ օրակարգը ապացուցելու համար։

«Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումները, ընդ որում՝ նյութական, ապացուցելի դրսևորումներ, մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև, ինչքան ինձ հայտնի է նմանատիպ դրոշմանիշ, որը Ադրբեջանում հրապարակվել է, համենայն դեպս նման դրոշմանիշ մեկ էլ եղել էլ ֆաշիստական Գերմանիայում, և այս փաստը ինքնին շատ խոսուն է։ Պարզապես պետք է այդ դրոշմանիշը ի ցույց դնել հնարավորինս լայն շրջանակներում։ Այո, պետք է Ադրբեջանը կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե մենք որ ճանապարհով ենք գնում»։

Մինչ մենք կկողմնորոշվենք,  ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հունվարի 11-ի քննարկումներից հետո հրապարակեց քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, համաձայն որոնց՝ արդեն քննարկվել է, որ ապաշրջափակման երթուղին պետք է անցնի  նախկինում  գործած՝ Երևան, Նախիջևան, Մեղրի, Հորադիս, Բաքու և Դերբենդ ճանապարհով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է «Կոմերսանտի» տեղեկություններն ու հրապարակած քարտեզը։

«Կոմերսանտի ցանկությունը կամ ցանկություն է, կամ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում։ Նման քննարկում չի եղել ոչ բանավոր, ոչ էլ առավել ևս գրավոր։ Որևէ կոնկրետ ուղղություն, դեռ ավելին ասեմ՝ ավելի շատ քննարկվում է բոլոր ուղղությունների՝ թե ճանապարհ, թե երկաթգիծ, որտեղ կա կպնելու հնարավորություն։ Ավելի շատ քննարկվում է այդ տեսանկյունից»։

Փոխվարչապետը վստահեցնում է՝ քննարկումները մեծամասամբ ռուսական կողմի հետ են,  այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի: Առարկայական քննարկումները դեռ սկսվելու են առաջիկայում՝ և ուղիների, և ենթակառուցվածքների մասին։ Փոխվարչապետի խոսքով՝ կողմերի ցանկությունները դեռ պայմանավորվածություններ չեն։

Աղբյուրը՝ armradio.am

962