Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ելույթ է ունեցել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի, Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգողների ցանցի համատեղ կազմակերպած թեմատիկ միջոցառմանը։ 

 

Պաշտպանը մոդերացրել է միջոցառման երկրորդ նիստը՝ «Լավագույն փորձը. ինչպես են մարդու իրավունքների ազգային հաստատությունները նպաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը» թեմայով։

 

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ոլորտում տարբեր երկրների փորձին, մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանն ուղղված մեխանիզմներին և գործիքակազմին։ Այնուհետև Անահիտ Մանասյանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությանը վերաբերող գործիքակազմերին առնչվող պանելային քննարկմանը: 

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Ստեֆանի Հուբիգը, Գերմանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Բեատե Ռուդոլֆը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրը։

 

Թեմատիկ միջոցառումը կարևոր հարթակ է մարդու իրավունքների ազգային հաստատությունների, պետական մարմինների և միջազգային գործընկերների միջև փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար՝ ուղղված մարդու իրավունքների չափանիշներին առնչվող ՄԻԵԴ վճիռների լիարժեք և արդյունավետ կատարմանը։

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային հարթակներում ՄԻՊ հաստատության ակտիվ ներգրավվածությունն ու փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը:

72