Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:
Հիշեցվել է, որ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ: Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է:
Հաջորդիվ՝ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին և այլն:
Մանրամասներ են ներկայացվել կանաչ ջրածնի արտադրության ծրագրային առաջարկների, մասնավորապես՝ «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից կանաչ ջրածնի արտադրության և ինտեգրման վերաբերյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարներին:
Ներկայացված ուսումնասիրությունների և առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել ենդիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ:
Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցությամբ և միջազգային փորձի ներդրմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։
Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: