Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին՝ նշելով, որ վերջին օրերին Իրանում և Իրաքում անցկացվող միջոցառումներին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։

Դեսպանի խոսքով՝ Թեհրանում, Քոմում, Մաշհադում, ինչպես նաև Իրաքի Նաջաֆ և Քարբալա քաղաքներում միլիոնավոր մարդիկ իրենց ներկայությամբ հարգանքի տուրք են մատուցել առաջնորդին, որը, նրա բնորոշմամբ, իր ողջ կյանքը նվիրել է Իրանի անկախությանը, հզորացմանն ու զարգացմանը։

Խալիլ Շիրղոլամին նշել է, որ տեղի ունեցած հուղարկավորության արարողությունները, իր գնահատմամբ, համաշխարհային պատմության ամենամարդաշատ պաշտոնական հրաժեշտի միջոցառումներից են, եթե ոչ՝ ամենամարդաշատը։

Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը՝ դեսպանը նշել է, որ Իրանում բարձր են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության ներկայությունը հրաժեշտի արարողություններին։ Նրա խոսքով՝ այդ մասնակցությունը վկայում է Հայաստանի և Իրանի միջև առանձնահատուկ հարաբերությունների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության մասին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև հայկական մեդիայի և մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են միջոցառումներին՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Շիրղոլամին հիշեցրել է նաև, որ, նրա խոսքով, Սեյեդ Ալի Խամենեին մշտապես առանձնահատուկ ջերմ վերաբերմունք է ունեցել Հայաստանի նկատմամբ՝ երկիրը բնութագրելով որպես Իրանի ազնիվ հարևան։ Դեսպանի խոսքով՝ նա հատուկ ուշադրություն էր ցուցաբերում նաև Իրանում բնակվող հայ համայնքին, հանդիպում էր համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Իրան–Իրաքյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների ընտանիքներին, և կարևորում էր հայ-իրանական բարեկամության զարգացումը։

Ամփոփելով՝ Խալիլ Շիրղոլամին վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի պաշտոնյաներն ու ժողովուրդները շարունակելու են համատեղ ջանքերով զարգացնել երկկողմ հարաբերություններն ու կյանքի կոչել նոր համատեղ ծրագրեր։

180