Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Հոնդա»-ն՝ Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 11-ին՝ 21։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել էր ավտոմեքենայի և մոպեդի վրա։
Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել էին, որ ուժեղ քամու հետևանքով փտած հաստաբուն ծառը պոկվել և ընկել էր այդ պահին ընթացող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։
Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել էին ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ էր ներկայացրել, բայց մի խումբ քաղաքացիներ դեմ էին արտահայտվել: