Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյու Յորքի կրթության դեպարտամենտը կարգելի կրտսեր և միջին դպրոցի աշակերտներին ուսման մեջ արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը։

Այս մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում՝ «Politico»-ն, «The Daily News»-ը և «The New York Times»-ը։ Նրանց տվյալներով՝ դեպարտամենտը արգելքի մասին հայտարարելու է արդեն սեպտեմբերի 2-ին, իսկ այն ուժի մեջ է մտնելու հաջորդ շաբաթվանից։

Որոշ առաջադրանքներ պատրաստելիս ԱԲ-ից օգտվել կթույլատրվի միայն 9-րդ դասարանից, այսինքն՝ մոտավորապես 13–14 տարեկանից։ Որոշումը նաև սահմանափակում է էկրանի առջև անցկացված ժամանակը։ 3-5-րդ դասարանների աշակերտների համար այն կկազմի օրական 30 րոպե, իսկ 6-8-րդ դասարանների աշակերտների համար՝ 45 րոպե։ Ավելին, օժանդակ չաթբոտների օգտագործումը կարգելվի բոլոր դասարաններում։

Աղբյուրները հայտնում են, որ նոր կանոնները սահմանափակում են նաև նախադպրոցականների և տարրական դպրոցի աշակերտների կողմից սարքերի (գաջեթների) օգտագործումը ուսումնական հաստատություններում։ Բարձր դասարանցիներին նույնպես կթույլատրվի ուսման մեջ ԱԲ-ի միայն «սահմանափակ» օգտագործում, սակայն նրանք կարող են կիրառել այն որոշ դասընթացներում և որոշ առաջադրանքներ կատարելիս։

Ընդ որում՝ կանոններում նշված չէ, թե ինչպես է վերահսկվելու դպրոցականների կողմից ԱԲ-ի օգտագործումը։

 

69