Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:

Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասել է. «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»:

Սեպտեմբերի 14-ին փոխարտգործնախարարի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել Բաքվից Երևան ժամանած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Ադրբեջանում ունեցած հանդիպումներն ամփոփելիս Գրոնոն, որը մյուս օտարերկրացի դիվանագետների հետ եղել էր և՛ Գանձասարում, և՛ Դադիվանքում, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Այս մեկնաբանությունը վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ պնդել էին, որ Գրոնոն «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակությային ժառանգության ոչնչացումը»:

Ավելի ուշ եվրոպացի դիվանագետը Երևանում հայտարարել էր՝ «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

Արտգործնախարար Միրզոյանը չի համաձայնել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պաշտոնական Երևանի քայլերը «պատշաճ և բավարար չէին»:

Իսկ արդյոք կառուցողակա՞ն է համարում Բաքվի գործողությունները. այս հարցին էլ պատասխանելիս արտաքին գերատեսչության ղեկավարը հղում է արել Ազգային ժողովի նախագահի երեկվա մեկնաբանությանը:

«ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ... գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»:

«Նման բաները ջուր են լցում այդ ջրաղացին»,- ամփոփել է արտգործնախարարը:

80