Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ ու խնդրահարույց պնդումներ է արել։
«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է ճեպազրույցի ընթացքում նրա բարձրաձայնած խնդրահարույց պնդումները ու ստուգել դրանք՝ հակադրելով փաստական տվյալներ։
«ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» պնդումը սխալ է
«Ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքած պետական սահմանի մասին համաձայնագիրը։ Եթե ռուսական սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից և չեղարկվի այդ համաձայնագիրը, ըստ էության կչեղարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը իրավաբանորեն։ Եվ դա կարող է Թուրքիային իրավունք տալ իրավաբանորեն հիմնավոր փոխել Հայաստանի հետ իր սահմանային շփումները», —հայտարարել է Ղազարյանը։
Այո, ճիշտ է Ղազարյանի պնդումը, որ ռուս սահմանապահները Հայաստանում են 1992 թ. սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրի հիման վրա։ «ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը պատվիրակում է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերին։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
Բայց իրավաբանորեն անհրաժեշտ է տարբերել, որ պայմանագիրը վերաբերում է սահմանի պահպանությանը, ոչ թե հայ-թուրքական սահմանի ստեղծմանը կամ ճանաչմանը։ Այդ պայմանագրի չեղարկումը կարող է փոխել միայն սահմանը ֆիզիկապես պահպանողներին, սակայն դրանից պետական սահմանը չի վերանում։
Ղազարյանի նույն խոսքում մեկ այլ սխալ ձևակերպում ևս կա։ Մասնավորապես, նա ասում է․ «1992-ի պայմանագրով Հայաստանը ճանաչել է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիրը»։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
1992-ի պայմանագրի 3-րդ հոդվածում գրված է, որ ՌԴ սահմանապահ զորքերը պետական սահմանը պահպանելիս, ի թիվս այլնի, առաջնորդվում են գործող նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ու Իրանի միջև միջպետական պայմանագրերով։ Բացի այդ, պայմանագրում թվարկվում է, թե ինչ իրավական ակտերով պետք է առաջնորդվեն ռուս սահմանապահ զորքերը իրենց գործունեության ընթացքում։
Հետևաբար պայմանագրում չի ասվում, որ Հայաստանը ճանաչում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը։
Ռուս սահմանապահները աստիճանաբար հեռանում են
Էդգար Ղազարյանի այս հայտարարությունից, թե «եթե ՌԴ սահմանապահները հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» տպավորություն է, թե ամբողջ հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական ուժերի կողմից։ Սակայն իրականությունն այլ է՝ այս պահին վերահսկողությունը մասնակիորեն արդեն փոխանցված է հայկական սահմանապահներին։
Մասնավորապես՝ 2025 թ. մարտի 1-ից Մարգարայի անցման կետում ռուս սահմանապահներն այլևս սահմանային ծառայություն չեն իրականացնում, և այն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է։
Ավելին՝ կառավարության՝ 2025 թվականի գործունեության հաշվետվության համաձայն, 2026 թվականի սկզբից հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Միաժամանակ, սա չի նշանակում, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ հեռացել են հայ-թուրքական սահմանից․ սահմանի այլ հատվածներում պահպանությունը շարունակվում է ռուսական և հայկական սահմանապահ ուժերի մասնակցությամբ։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների՝ առանձին անցակետերից հեռանալը չի հանգեցրել 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի չեղարկմանը կամ վերանայմանը, ինչպես կանխատեսում կամ վստահեցնում է Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի այս պնդումը, թե ռուս սահմանապահների հեռանալով Հայաստանի և նրա հարևանի հետ «սահմանը կչեղարկվի» չի դիմանում նախադեպային իրողություններին ևս։ Ագարակի դեպքում իրականությունն արդեն ցույց է տվել, որ 1992-ի պայմանագրով նախատեսված ռուսական ներկայությունը կարող է հատվածաբար փոփոխվել՝ առանց պայմանագիրը չեղարկելու և, առավել ևս, առանց պետական սահմանի իրավական կարգավիճակի որևէ փոփոխության։ Հիշեցնենք՝ 2024-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել էին, որ հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան, և 2025-ի հունվարի 1-ից այնտեղ ծառայությունը կիրականացնեն միայն հայկական ուժերը։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հատուկ պարզաբանել էր, որ այդ փոփոխության հետևանքով 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի լինելու։
Այսպիսով, Էդգար Ղազարյանը ճիշտ է, երբ ասում է, որ ռուսական սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի պահպանությանը նրանց մասնակցությունը, կարգավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով։ Սակայն նա այդ փաստից սխալ իրավական հետևություն է անում։
1992 թվականի պայմանագիրը չի սահմանել հայ-թուրքական պետական սահմանը․ այն կարգավորում է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։ Հետևաբար պայմանագրի հնարավոր դադարեցումը կարող է փոխել սահմանի պահպանության ձևաչափը և ռուս սահմանապահների ներկայության իրավական հիմքը։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանից վերանում կամ չեղարկվում է Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
Ավելին՝ հայ-թուրքական սահմանի պահպանությունն արդեն ամբողջությամբ ռուսական կողմի վերահսկողության տակ չէ։ Մարգարայի, այնուհետև նաև Ախուրիկի անցման կետերում ծառայությունն իրականացվում է հայկական սահմանապահների կողմից, մինչդեռ սահմանի մյուս հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունը պահպանվում է։
Հետևաբար ռուս սահմանապահների ներկայությունը, 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի գործողությունը և հայ-թուրքական պետական սահմանի իրավական գոյությունը փոխկապակցված, բայց նույնական հարցեր չեն։ Դրանց նույնացումը և այն պնդումը, թե ռուս սահմանապահների հեռացմամբ ու 1992 թվականի պայմանագրի չեղարկմամբ «կչեղարկվի» նաև հայ-թուրքական պետական սահմանը, իրավական հիմք չունի։

