Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի դատավարությունը:

Քոչարյանը դատարան է բերվել Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ. օգոստոսին նա կալանավորվել էր մեկ այլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու գործով:

Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը մերժել է գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Այնուհետև Յուրի Խաչատուրովի պաշտպանն է միջնորդել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ պատճառաբանելով, որ քրեական հետապնդումը հարուցելիս չի հաղթահարվել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը:

Կարծիք է հայտնել նաև Քոչարյանը, նշել՝ եթե ՀԱՊԿ ներկայացուցչի հետ խնդիր կար, պետք էր նախ հետ կանչել նրան, հետո միայն գործ սկսել: Հանրային մեղադրողը, սակայն առարկել է, հիշեցրել, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է, հետևաբար՝ Հայաստանի իրավապահ մարմիններն իրավասու են եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գործառույթներն իրականացնելիս քարտուղարն անձեռնմխելի է ընդունող պետության տարածքում, իսկ ՀՀ տարածքում նա չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից: Բացի այդ, ըստ դատախազի՝ Խաչատուրովին վերագրվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների համար ենթադրյալ հանցավոր արարք, որը կապ չունի նրա՝ որպես ՀԱՊԿ քարտուղարի լիազորությունների հետ. անձն օգտվում է անձեռնմխելիությունից այն դեպքում, եթե նրան պետք է մեղադրյալ ներգրավել իր գործառույթների շրջանակներում կատարված ենթադրյալ արարքի համար:

96