Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Քրիստինա Թաթարյանը և Տիգրան Վիրաբյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Քննարկվել են կազմակերպչական աշխատանքներում ներգրավված պետական գերատեսչությունների գործառույթներին վերաբերող հարցեր:
«2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին, ինչը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար: Յուրաքանչյուրիս աշխատանքից է կախված այս ծավալուն միջոցառման պատշաճ իրականացումը, որի համար պետք է ջանքեր չխնայենք»,- դիմելով մասնակիցներին ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ նախընթաց շրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների հետ համագործակցությամբ ձևավորվել է աշխատանքների ամբողջ ծավալը բնութագրող հայտ։ Որոշվել է աշխատանքների կազմակերպումն իրականացնել երեք ուղղություններով: Առաջին մասը բուն խաղերի կազմակերպումն է, որի համար կներգրավվի կազմակերպիչ ընկերություն․ մրցույթն արդեն հայտարարվել է: Երկրորդ մասը բացման և փակման արարողություններն են՝ որպես առանձին բովանդակություն, որի համար ևս մրցութային կարգով կներգրավվի կազմակերպություն: Երրորդ մասը վերաբերում է հեռարձակմանը, որը կիրականացվի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Կարևորվել են առողջապահական նորմերի, խաղերի ընթացքում հասարակական կարգը պահպանելու և մասնակիցների անխափան տեղաշարժի ու անվտանգության, հրավիրված հյուրերի և մասնակիցների՝ Հայաստան մուտքի պատշաճ կազմակերպման հարցերը:
Առանձնակի ընդգծվել է Երևանում, Աբովյանում և Արմավիրում սպորտային և մշակութային միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը: Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ «Հրազդան» մարզադաշտում կիրականացվեն վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր: