Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է լույսով կառավարվող իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ հայտնագործությունների համար։ Մրցանակակիրներն են ամերիկացի նեյրոգիտնական Կարլ Դայսերոթը և գերմանացի կենսաքիմիկոսներ Գեորգ Նագելն ու Պետեր Հեգեմանը։
«Նոբելյան մրցանակը շնորհվում է օպտոգենետիկայի համար՝ մի մեթոդի, որը հնարավորություն է տալիս ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները ձևավորում հիշողությունները, զգացմունքներն ու վարքագիծը կենդանի ուղեղում։ Պետեր Հեգեմանը և Գեորգ Նագելը միաբջիջ ջրիմուռի մեջ հայտնաբերել են ուշագրավ մի սպիտակուց՝ կանալռոդոպսինը։ Կարլ Դայսերոթն այդ սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների համար նախատեսված՝ լույսով կառավարվող անջատիչի։ Մրցանակակիրները հիմք են դրել նյարդակենսաբանության նոր դարաշրջանին»,- պարզաբանել են հանձնաժողովի անդամները։
12 միլիոն շվեդական կրոն կազմող մրցանակը հավասարապես կբաշխվի նրանց միջև։
Անցյալ տարի բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր գիտնականներ Մերի Բրանկոուին, Ֆրեդ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին՝ իմունային համակարգի «պաշտպանների»՝ կարգավորիչ T-բջիջների հայտնաբերման համար, որոնք կանխում են իմունային բջիջների կողմից օրգանիզմի սեփական հյուսվածքների վրա հարձակումը։
Այս հայտնագործությունը խթանել է քաղցկեղի և աուտոիմունային հիվանդությունների բուժման մեթոդների մշակմանը, ինչպես նաև կարող է հանգեցնել փոխպատվաստման ավելի հաջող արդյունքների։