Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։

Ելույթով հանդես եկավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ կոռուպցիայի մասին մեղադրանքներին, հայտարարեց՝ ով խոսի կոռուպցիայից, թող խոսի տանձից, խնձորից, լոլիկից ու վարունգից, քանի որ կոռուպցիան նրանց հետ է փոխկապակցված։

Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին, թե իշխանությունը գործարքի է գնացել Իշխան Զաքարյանի հետ, պատգամավորը հայտարարեց. «Իշխան Զաքարյանը ձերն է, կարկառուն հանրապետականներից է, որոնց հետ է փոխկապակցված կոռուպցիա բառը։ Մի փորձեք ձեր կոռուպցիոներներին բերել, գցել մեր գրպանը։ Կամ էս ամբիոնից որ գալիս խոսում եք Գագիկ Խաչատրյանից, մի հատ էլ խոսեք էն 193 անշարժ գույքից, բա դրանից ինչի՞ չեք խոսում։ Եկել են էս ամբիոնից ասում են՝ բեյջի թելը, թելի մեջ կոռուպցիա կա, 20-30 դրամով թելը թանկ եք ձեռք բերել, ու էդտեղ չարաշահումներ կան։ Բա Գագիկ Խաչատրյանի 193 անշարժ գույքի մեջ չարաշահումներ չկա՞ն։ Էս ամբիոնից Քոչարյանի դաշինքից մի կարկառուն ներկայացուցիչ եկել է, խոսում է կոռուպցիայից։ Ով խոսի կոռուպցիայից, դուք տուշոնկա գողացող Մանվելի օգնականն եք եղել, հասկանո՞ւմ եք»։

Չախոյանի խոսքերին արձագանքեցին դահլիճից, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել։

Դիմելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնականին» («Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյան — խմբ.)՝ Չախոյանը նրան հորդորեց հաջորդ անգամ կոռուպցիայի մասին խոսելիս խոսել, թե նրանից դատախազությունը քանի ապօրինի գույք է պահանջում։

Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Մանուկյանին տեղից խոսելու համար։

«Կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ փորձում են մեզ մեղադրել կոռուպցիայի մեջ, խոսում են ֆեյքերից, ընտանիքի անդամներին թիրախավորելուց։ Պարո՛ն Կարապետյան («Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան - խմբ.), ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ ձեր հորեղբայրը, հայրը։ Ձեր հորեղբոր որդին շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ էր զբաղված, ասեմ ավելին՝ անգամ նախարարություն էր ուզում բացել»,- հայտարարեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին։

ԱԺ նախագահը հորդորեց դահլիճից հնչող ռեպլիկներին վերջ տալ՝ հորդորելով Նարեկ Կարապետյանին զսպել իրեն։

«Արան ոտիցդ գլուխ ես»,- արձագանքեց Չախոյանը Կարապետյանին, ինչից հետո դահլիճում իրավիճակը լարվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։

«Հարգելի գործընկերներ, ես հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Չեմ հայտարարելու, նիստը սենց շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, ես սպասում եմ»,- ասաց Ռուբինյանը՝ տեղից հետևելով դահլիճի իրարանցմանն ու հորդորելով զբաղեցնել տեղերն ու նիստը շարունակել։

Նրա խոսքերից հետո, սակայն, իրավիճակը չհանդարտվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ու սկսվեց ծեծկռտուք, իրավիճակը դարձավ անվերահսկելի, և ԱԺ նախագահը ստիպված եղավ հայտարարել ընդմիջում։

86