Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կընդլայնվի նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը։ 2026 թվականի նոյեմբերի 1-ից նախատեսվում է մեկնարկել նոր ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագրեր, որոնց շրջանակում կստուգվեն դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգերի աշխատանքը։

Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը զեկուցել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ընդլայնել դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակը։ Փորձնական ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից 30-ը դրոշմավորում կիրականացվի, մասնավորապես, հրուշակեղենի, կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար։ Ծրագրի մասնակից տնտեսավարողները դրոշմավորման համակարգին կմիանան կամավոր հիմունքներով, իսկ նույնականացման ծածկագրերը կտրամադրվեն անհատույց։

Մխիթարյանը նշել է, որ փորձնական ծրագրերի ընթացքում կփորձարկվեն դրոշմավորման մեխանիզմներն ու համակարգի գործառույթները, կկարգավորվեն գործընթացները և կապահովվի տնտեսավարողների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը ազգային օպերատորի համակարգին։

Փորձնական ծրագրերի ավարտից հետո ՊԵԿ-ը կգնահատի դրանց արդյունքները և տասնօրյա ժամկետում կներկայացնի վարչապետի աշխատակազմ։

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ դրոշմավորման ընդլայնումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, բիզնես միջավայրի թափանցիկության բարձրացմանը, հարկային եկամուտների ավելացմանը և կեղծ ու անորակ ապրանքների շրջանառության սահմանափակմանը։

Ներկայումս նույնականացման միջոցներով դրոշմավորվում են մի շարք ապրանքախմբեր, այդ թվում՝ ծխախոտը, ալկոհոլը, շշալցված ջուրը, սննդամթերքի տարբեր տեսակներ, կաթնամթերքը, մսամթերքը, կոսմետիկ միջոցները և այլ ապրանքներ։

Զեկույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ինչու փորձնական ծրագրում դեռ ներառված չեն կենցաղային տեխնիկան, համակարգիչներն ու հեռուստացույցները։

Ի պատասխան՝ Վրեժ Մխիթարյանը նշել է, որ բջջային հեռախոսների դրոշմավորման փորձնական ծրագիրն արդեն իրականացվել է, և համակարգը պատրաստ է։

Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման ընդլայնման շրջանակում առանձնահատուկ կարևորություն ունեն բջջային հեռախոսները, կենցաղային տեխնիկան, համակարգիչները և նմանատիպ ապրանքները, որոնց շրջանառության մեջ, իր գնահատմամբ, զգալի ստվեր կա։

«Մեր հիմնական թիրախը, իհարկե, մյուսներն են, էլի ստվեր գուցե կա, որի հետ այնքան էլ շատ չենք առնչվում, բայց այդ խմբի հետ հաստատ առնչվում ենք։ Ամեն օր մենք բոլորս այդ ստվերի հետ առնչվում ենք»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ QR կոդերի միջոցով հնարավոր կլինի հետևել ապրանքի ամբողջ ճանապարհին՝ արտադրությունից և պահեստավորումից մինչև խանութ տեղափոխվելն ու վաճառքը։ Այս մեխանիզմը, ըստ Փաշինյանի, ՀԴՄ համակարգը լրացնող կարևոր գործիք է, որը թույլ կտա բացահայտել ապրանքաշրջանառության մեջ առկա ստվերային գործարքները։

Վարչապետը նշել է, որ համակարգի ներդրումը կարող է հանդիպել դիմադրության, սակայն դրա ընդլայնումը պետք է շարունակել։ Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է դիտարկել տարբեր լուծումներ և չի սահմանափակում դրոշմավորման համակարգի իրականացումը մեկ ընկերության միջոցով։

«Ես ասում եմ՝ ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում առանց էս մակնշման չպիտի վաճառվի, բացառապես ոչ մի բան։ Պատկերացնում եք՝ ոչ մի բան։ Եվ մենք պետք է գնանք էս ճանապարհով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

226