Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են ՀՀ քաղաքացի, բացառությամբ՝ նույն օրվա դրությամբ անչափահասների։ ՊԵԿ-ի կողմից hայտարարագիրը նախալրացվում է՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։
Ինչպես ստուգել և ներկայացնել հայտարարագիրը
Հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է նախապես անցնեն անձի նույնականացում և ակտիվացնեն էլեկտրոնային ստորագրությունը, այնուհետև մուտք գործեն ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: Այստեղ անհրաժեշտ է ստուգել նախալրացված տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ կատարել փոփոխություններ և լրացումներ, ապա էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել ու ներկայացնել հայտարարագիրը։ Ի դեպ, հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։
Ինչ է փոխվել չհարկվող եկամուտների հայտարարագրման կարգում
2025 թվականի եկամուտների հայտարարագրման համար գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններից, փոխառություններից, գույքի օտարումից կամ անհատույց ստացված գույքից առաջացած եկամուտները կարող են չհայտարարագրվել, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտը պետք է հայտարարագրվի ամբողջությամբ։ Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից (այդ թվում՝ որդեգրողներից և որդեգրվածներից), պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները, անկախ դրանց չափից, հայտարարագրման ենթակա չեն։
Որ հարկվող եկամուտները պետք է հայտարարագրել
Եթե 2025 թվականի ընթացքում քաղաքացին ստացել է հարկվող եկամուտներ, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետությունից կամ այլ աղբյուրներից, ապա օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրանք պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։
Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալից, ապա եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը։ Իսկ եթե եկամուտը ստացվել է ոչ թե հարկային գործակալից, այլ, օրինակ, ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից, ապա քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկը։
Ինչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացվի մինչև վերջնաժամկետը
Եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ համարվում է ներկայացված։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացին կարող է հայտարարագրում կատարել փոփոխություններ նաև վերջնաժամկետից հետո։ Սակայն հարկ է նախապես ստուգել հայտարարագրում առկա տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։
Ինչպես օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Կրթության և առողջապահության գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր, այնուհետև նույն համակարգի միջոցով սահմանված կարգով դիմել փոխհատուցման համար։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումից հնարավոր է օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ) համար կատարված համապատասխան ծախսերի դիմաց։
Երբ կմեկնարկի 2026 թվականի եկամուտների հայտարարագրումը
2026 թվականի ընթացքում ստացված եկամուտների հայտարարագրման գործընթացը կմեկնարկի 2027 թվականի մարտի 2-ից, իսկ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի հուլիսի 1-ն է։
Հայտարարագրման կարգին, անհրաժեշտ գործողություններին և հաճախ տրվող հարցերին կարելի է ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Հայտարարագրում» բաժնում։