Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այո, ահագնացող խցանումների խնդիր կա, և կարելի է ասել՝ դա այն ամենահիմնարար խնդիրն է, որ քաղաքում այսօր առկա է, որովհետև գրեթե բոլոր այլ հարցերին մեծ ծավալով ուշադրություն է դարձվել կամ, նվազագույնը, միջին լուծումներ տրվել են»․ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել, որ խցանումների հարցով արդեն կա կայացած վերլուծական կենտրոն․

«Տեսախցիկներով կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերում ինչ է տեղի ունենում քաղաքում։ Օրինակ, 100 խաչմերուկի վերլուծությունից տեսնում ենք, որ 85% դեպքերում խցանումներն սկսում են առաջանալ, երբ որևէ ավտոմեքենա վերջին կանաչով անցնում է և կանգնում խաչմերուկում»:

Քաղաքապետը հավելել է, որ այդ մեքենաների էական մասն ավտոբուսներն են․

«Նույնիսկ ավտոբուսներն այդ կանոնը չեն պահել, բայց աշխատել ենք նրանց հետ, որ նման դեպքերը չկրկնվեն»․ նշել է Տիգրան Ավինյանը։

Նա վստահեցրել է, որ Երևանում որքան տնտեսական վիճակը բարելավվի, և մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է․

«Բայց դրան կա լուծում. այն տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալով հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները»․ շեշտել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ այդ լուծումների մասին պարբերաբար խոսում են, և դրանք շուտով իրականացման փուլ կմտնեն։

133