Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը նոյեմբերի սկզբին լայնածավալ, նախապես չհայտարարված ռազմական զորավարժություններ է անցկացրել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և Թայվանի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թայվանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։
Գործակալության տվյալներով՝ զորավարժությունների ամենաինտենսիվ փուլում տարածաշրջանում գտնվել է Չինաստանի ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ավելի քան 100 նավ։ Մանևրների ընթացքում, ի թիվս այլ գործողությունների, մշակվել են այլ երկրների զինված ուժերի և քաղաքների, այդ թվում՝ Թայբեյի դեմ հարձակումների նմանակման սցենարներ։
Թայվանցի պաշտոնյաները զորավարժությունները որակել են որպես «քողարկված ահաբեկման» դրսևորում, որի նպատակն է ուժեղացնել ճնշումը կղզու և այլ կառավարությունների վրա։
Թայվանի անվտանգության ոլորտի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Չինաստանի շուրջ 70 նավ դեռևս գործում էր այսպես կոչված Առաջին կղզային շղթայի սահմաններում։ Գործողությանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի երեք հրամանատարությունների՝ Արևելյան, Հյուսիսային և Հարավային հրամանատարությունների ռազմածովային ուժերը։
Աղբյուրներից մեկը նաև հայտնել է, որ չինական սուզանավը Դեղին ծովից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Չինաստանի մայրցամաքային հատվածի ուղղությամբ։
Պեկինը պաշտոնապես չի հայտարարել զորավարժությունների անցկացման մասին, իսկ Չինաստանի պաշտպանության նախարարությունը Reuters-ի հարցմանը չի պատասխանել։