Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հրավեր է ստացել մասնակցելու «Ազգային Ստադիոն» նախագծի նախաձեռնությամբ կազմակերպվող «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի «Արմենիա» դահլիճում։ Ուղիղ հեռարձակումը կլինի «Ազգային Ստադիոն»-ի YouTube ալիքով։
«Շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցվի բաց երկխոսության, կարծիքներ լսելու և իրական խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների միջոցով։
Ինձ համար կարևոր է անմիջականորեն հանդիպել ակումբների ներկայացուցիչներին, ֆուտբոլասերներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները, ներկայացնել հայկական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը և պատասխանել հուզող հարցերին։
Համոզված եմ՝ հայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն է, և դրա համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը և ակնկալում եմ բովանդակալից հանդիպում»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։