Մոտ ապագայում քաղաքի մանկապարտեզներ հաճախելու կազմակերպման առումով կարող են փոփոխություններ լինել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Գայանե Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ խմբերը կարող են մեծացվել՝ հասնելով մինչեւ 20 երեխայի՝ 18-ի փոխարեն:
Ինչպես փոխանցում է Infoport.am-ը, Մելքոնյանի խոսքով՝ ընդունելության հետ կապված ծանր իրավիճակի պատճառը Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի համար մտցված սահմանափակումներն են, որոնք եթե հանվեն կամ մեղմացվեն, պատկերը կփոխվի:
«Եթե սահմանափակումները մեղմացվեն, առաջնահերթությունը կտրվի այն երեխաներին, ովքեր պետք է շարունակեն հաճախումները (ընդհանուր առմամբ նրանք մոտ 3000 են), իսկ այնուհետեւ արդեն այն երեխաներին, ովքեր սպասում են հաստատություն ընդունվելուն, նրանք մոտ 12 000 են»,-նշեց փոխքաղաքապետը։