Իմ ամենօրյա ճանապարհն անցնում է Եռաբլուրի կողքով: Երբ հայացքս հառում եմ բարձունքին, որտեղ Հերոսներն են, ակամա որդեկորուս մայրերի ասածն եմ հիշում`Եռաբլուրում խաղաղություն ենք գտնում, անբացատրելի հանդարտություն կա...

Տիկին Գայանեն` Հարություն Լալայանի մայրը, 2020 թվականի հոկտեմբերի 8-ից հետո հաճախ է լինում Եռաբլուրում, որտեղ մյուս տղաների կողքին իր ավագ որդին է: Մյուս մայրերի նման ինքն էլ է թեթևություն զգում այնտեղ:

Հարությունը Արարատի մարզի Գեղանիստ գյուղից է: Ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Մինչ զորակոչվելը սովորել է Երևանի պետական քոլեջում` ինֆորմատիկայի բաժնում: Սկզբում ուսումնական զորամասում ծառայեց, ստացավ սակրավորի մասնագիտություն, ապա վեց ամիս հետո ծառայությունը շարունակեց Ջաբրայիլում:

«Ընկերասեր, հասնող, մեծահոգի, ազնիվ, բարի: Շատ առանձնացող բնավորություն ուներ, տարբերվում էր բոլորից: Նույնիսկ ես եմ զգացել այդ տարբերությունը: Երկուսն էլ իմն են, բայց Հարությունս ուրիշ էր»,- որդուն այսպես է ներկայացնում տիկին Գայանեն:

Հարությունը սովորական հայկական ընտանիքում է մեծացել` ծնողների ու տատիկ-պապիկի հետ: Մայրը բուժքույր է, հայրը` Խաչատուրը, ռադիոմեխանիկ է: Ինչպես իրենք են ասում, Հարությունի ծնունդով կյանքը փոխվեց ու նոր իմաստ ստացավ:

«Ծառայությունից երբեք չի դժգոհել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Մենք շատ ենք խոսել բանակից, ծառայությունից, դժվարությունները հաղթահարելուց: Տղաս ասում էր, որ ուզում է դժվարությունների միջոցով անցնի, որ թացը չորից տարբերի, հասկանա կյանքը: Ես էլ դեմ չէի: Ասում էի`մինչև չսխալվես, ճիշտը չես հասկանա: Ու ինքն ինձ հետ համաձայն էր: Անգամ պատերազմի ժամանակ, երբ ուղիղ նայում էր մահվանն ասում էր` ամեն բան լավ է: Ասում էր` մենք պետք է հաղթենք, մեր տունն է` պետք է պահենք: Մենք միշտ տանն ունեցել ենք նման խոսակցություններ: Քեռիները, հայրը միշտ խոսել են հետը: Հարությունն իր գործի նվիրյալն էր: Եթե մի բան պիտի աներ` ուրեմն ոչ մի դժվարություն իրեն հետ չէր կարող պահել: Եթե պիտի ծառայեր, ուրեմն պիտի ծառայեր»:

Սեպտեմբերի 27-ին Հարությունը  Ջաբրայիլում էր: Մայրը պատմում է, որ շատ էր վախեցել, բայց երբ որդուն լսեինք, կմտածեինք՝ ամենաապահով տեղում է: Ոչ մի անգամ ցույց չի տվել, թե ինչի առաջ են իրենք կանգնած:

Հարությունը իր ծննդից երկու օր հետո զոհվեց: Ցավոք, վաշտի ողջ անձնակազմը զոհվել է այս պատերազմում: Բազմաթիվ նպատակներ ուներ: Հայաստանում հայկական սեփական արտադրություն էր ուզում հիմնել:

«Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 5-ին: Հաջորդ օրն իր ծնունդն էր: Ինքն ինձ հանգստացնում էր: Ասում էր հավատա, որ այստեղ էլ է հետաքրքիր անցնում: Ասում էր` մամ ջան, էստեղ էլ մի ուրիշ համ ու հոտ ունի ծնունդ նշելը»:

Հերոսի մայրը կարոտով է հիշում, թե ինչպես էր սիրում Հարությունը նշել տոները: «Ցանկացած ուրախություն սիրում էր: Միշտ նշել ենք իր ծնունդը ու տղաս շատ երջանկանում էր դրանից: Բացի ուղղակի մաման լինելուց, նրա համար լավ ընկեր եմ եղել: Ամեն ինչով կիսվում էր: Եթե անգամ սխալ էր լինում, խոսում էինք, ընդհանուր հայտարարի գալիս: Կարող է ես ծիծաղեի, բայց ինքը հասկանում էր, որ սխալ է ու գիտեր, որ այդ նույն սխալն այլևս չպիտի անի»:

 

Տիկին Գայանեն ամեն անգամ Եռաբլուր գնալիս իր մեջ ուժ է գտնում, որպեսզի շարունակի ապրել հանուն Հարությունի, հանուն իր որդու կիսատ մնացած գործերը ավարտին հասցնելու և ինչպես ինքն է ասում՝ այդ ուժն իր տղայից է ստանում: «Եթե մեր որդիները հասկանալով, մեր  ջահել կյանքերը գնացին` ուրեմն իրենք հաղթել են: Մենք ոչինչ չգիտենք, իրենք մեզնից շատ բան գիտեն: Այն իրավիճակում, որ իրենք են հայտնվել ու չեն փախել, ուրեմն սա է ամենամեծ հաղթանակը: Ու այդ հաղթանակը մեր երեխաներինն է: Հանուն իր տված կյանքի պիտի ապրեմ: Քանզի ես այժմ մեծ պատասխանատվություն եմ կրում` որդուս հաղթանակը պատվով ապրելու»:

 

Հայկ Մագոյան

 

 

 

22 Փետրվար, 2021 11:43
1403
; ;