Վերջին օրերի մի շարք որոշումներով ՀՀ դատաիրավական համակարգը կարծես թե վերջապես դուրս է գալիս տևական թմբիրից կամ, գուցե թե ավելի ճիշտ կլինի ասել, կենդանության նշաններ է ցույց տալիս: Խոսքը վերաբերում է Արարարտ Միզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի կալանավորման մասին Վճռաբեկ դատարանի կայացրած վճռին: Անշուշտ, մեկ դիպվածով կամ մեկ գործով որոշումները դեռ բավարար չեն դատաիրավական համակարգի առողջացումը փաստելու համար, սակայն միևնույն ժամանակ սրանք ցուցիչներ են, որ սույն համակարգում դեռ ամեն ինչ կորած չէ:

Կարելի է շատ երկար խոսել, քննադատել կամ զայրանալ, թե ինչու անցած բավական երկար ժամանակահատվածում հայաստանյան դատաիրավական համակարգում չարվեցին անհրաժետ և պահանջված փոփոխությունները, սակայն արդյո՞ք այդ խոսակցությունները որևէ կերպ կնպաստեն բարեփոխումների իրականացմանը կամ իրավիճակը շտկելուն. թերևս ոչ, քանի որ անցյալի քննարկումը զուտ քննադատության համար ոչ միայն արդյունավետ չէ, այլև հաճախ վնասակար: Քննադատության արդյունավետությունը որոշվում է ստեղծարարությամբ: Երկրի համար այս ծանրագույն իրավիճակում դժվար է գերագնահատել դատաիրավական համակարգի դերն ու նշանակությունը, չնայած որ կարող են հանդիպել նաև կարծիքներ, թե ճգնաժամային իրավիճակներում առաջնային կարևորություն ունեն գործադիր կառույցները:

Սակայն նման մոտեցումը չափազանց մակերեսային է, քանի որ պետական մարմինների գործունեության երաշխավորն ու ապահովագրողը հենց դատարաններն ու դատական իշխանությունն են: Այս խնդիրը մշտապես՝ առավել կամ պակաս չափով առկա է եղել վերջին ավելի քան 2 տասնմայակում՝ տարօրինակ մետամորֆոզներով: Եթե նախկինում դատարանները կամ դատավորները կատարում էին օրվա իշխանության պատվերները, քաղաքական ցուցումներով դատական պրոցեսներ էին սկսում, շինծու մեղադրանքներով քաղաքացիների ձերբակալում և այդպես շարունակ, ապա վերջին շրջանում դատարանները մեղմ ասած տարօրինակորեն սկսեցին ազատ արձակել կամ չկալանավորել ակնհայտ հանցագործներին: Այս նույն ժանրից էր նաև ԱԺ խոսնակի նկատմամբ բռնություն գործած անձին ազատ արձակելը, որի կալանավորման միջնորդությունը վերջապես Վճռաբեկ դատարանը բավարարեց:

 Այսօրինակ դեպքերը, ցավոք, եկան վկայելու այն, որ եթե քաղաքական ղեկավարությունը հարգում է դատական իշխանության անկախությունը և չի միջամտում, ապա դա չի նշանակում, թե Հայաստանում նախկինում իշխանություն եղած կիսաքրեական, կիսաօլիգարխիկ տարրերը զերծ կմնան դատական իշխանության վրա ճնշումներից կամ հարև նման իրենց ծանոթ գործելաոճից: Անշուշտ, հաճախ, երբ խոսում ենք դատական իշխանության վրա ճնշումների մասին, առաջնային թիրախը երկրի քաղաքական ղեկավարությունն է՝ ընդ որում ցանկացած երկրի պարագայում: Սակայն այս կանխակալ մոտեցումը միշտ չէ որ արդարացված է և ասվածի ապացույցը հենց մեր դատարաններն էին անցնող մեկ-երկու տարվա ընթացքում:

Դատաիրավական համակարգում առկա այսօրինակ դեպքերը եկան փաստելու, որ երկրի ղեկավարությունն, անշուշտ, չպետք է միջամտի կամ ազդեցություն ունենա դատաիրավական համակարգի անկախության նկատմամբ: Սակայն մինչ այդ առավել կարևոր և հրամայական է ստեղծել իրապես արդարադատ և իրապես անկախ ու վստահելի դատարան ու դատավորներ: Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումները թերևս միտված են հենց այս նպատակին, որը կյանքի կոչելուն էլ պետք է ծառայեն և քաղաքական ղեկավարության, և օրենսդիր մարմնի, և քաղաքացիական հասարակության, և  հանրության առավել ակտիվ հատվածի մեկտեղված ջանքերը: Լուծելիք խնդիրները և բովանդակային, և զուտ ծավալի տեսանկյունից արմատական են և բազմաշերտ, սակայն պարզից էլ պարզ է, որ տասնամյակներ շարունակ ստեղծված ու կատարելագործված արատավոր ավանդույթները հնարավոր չէ մեկ հարվածով կամ մեկ օրում արմատախիլ անել: Ուստի այս տեսանկյունից պետական ինստիտուտները հարկ է որ լծվեն տևական ու շարունակական աշխատանքի՝ առնվազն հանրայնորեն վստահելի դատաիրավական համակարգ ունենալու համար, քանի որ ցանկացած իշխանության, առավել ևս դատական իշխանության կայացվածության և ուժի առաջնային չափորոշիչը հանրային վստահությունն է:

8384