ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Միասնական սոցիալական ծառայության շուրջ հնչող մտահոգությունների առնչությամբ:  

 

«Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի չորս մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։

 

Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։

 

Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են։

 

Տարածքային կենտրոնների ընդհանուր 900-ից ավելի հաստիքից շուրջ 300 հաստիք այս պահին թափուր է, որոնց դիմելու վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում են www.socservice.am կայքի «Աշխատանք մեզ մոտ» բաժնում։

 

Ընդ որում՝ այս պահին հայտարարվել է դիմումների ընդունման երկրորդ փուլ, քանի որ առաջին փուլի արդյունքում ոչ բոլոր հաստիքներն են համալրվել։

 

Հորդորում ենք բոլորին, այդ թվում՝ կառույցների նախկին աշխատակիցներին, սոցիալական պաշտպանության ոլորտում ցույց տալ իրենց փորձն ու գիտելիքը՝ դիմելով հայտարարություններին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում անցնել աշխատանքի»,- ասված է պարզաբանման մեջ։

21 Ապրիլ, 2021 15:47
138
; ;