Մասնավոր նախակրթարանները կլիցենզավորվեն. ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այժմ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ՝ հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300-ը), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ: Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս՝ զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ՝ չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ և սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլ բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովվում նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները՝ ըստ որի նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը եւ այլն՝ նշեց Անդրեասյանը:

Ըստ նրա, նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ՝ գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն: Անգամ մամուլում հրապարակումներ են եղել մասնավոր նախակրթարաններում երեխաների հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելու մասին: Անդրեասյանի խոսքով, նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար:

«ՀՀ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը՝ էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը»,- ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

1lurer.am

946