«Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բացված նախակրթարաններ: Երևանի թիվ 31, թիվ 60, թիվ 66, թիվ 20 և թիվ 186 հիմնական դպրոցներում նրանք ծանոթացել են իրականացված աշխատանքներին և երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին:

Կարևորելով երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հետևողականորեն կյանքի կոչվող միկրոծրագրերը հարմարավետ պայմաններ են ապահովել ոչ միայն մայրաքաղաքի տարբեր համայնքների երեխաների համար, այլև հնարավոր է դարձել հոգալ այն երեխաների կրթական կարիքները, որոնք բնակվում են գյուղական համայնքներում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատություններ:

Դպրոցների տնօրեններն իրենց հերթին կարևորել են ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել են: Նրանց հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը և ընդգծում, որ իրենց երեխաները հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն ունեն:

Վերոնշյալ նախակրթարանները ստեղծվել են 2018 թ.-ին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Նախակրթարանները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են 5 տարեկան 20-25 երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Հաստատությունները լիցենզավորվել են, իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, ինչի արդյունքում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2015 թվականից առ այսօր արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:

02 Մարտ, 2021 12:29
100
; ;